Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Երկուսով՝ մեկ թիմ

Երկուսով՝ մեկ թիմ
01.08.2008 | 00:00

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԱԶԴԱԿԱՆՉԵՐ
Աշխարհի ամենատարածված մարզաձևերից մեկն իրավամբ համարվում է ձյուդոն։ Մարզաձևի հիմնադիրն է Ձիգարո Կանոն, որը, մտածելով երիտասարդության ֆիզիկական և բարոյական դաստիարակության ուղղությամբ, ստեղծեց բոլորովին նոր մարզաձև։ Կանոն ջիու-ջիցուի և արևելյան այլ ինքնապաշտպանական մարզաձևերի հնարքներից ընտրեց լավագույններն ու առավել տպավորիչները՝ բացառելով վտանգավոր բռնվածքներն ու հարվածները։ 1882 թվականին նա Տոկիոյում բացեց նոր մարզաձևի ուսուցման առաջին դպրոցը։ Շնորհիվ իր կիրառական նշանակության և շուրջ 300 տեխնիկական հնարքների, ձյուդոն, որը բառացիորեն նշանակում է «ճկուն ճանապարհ», շատ կարճ ժամանակում մեծ տարածում գտավ ոչ միայն Ճապոնիայում, այլև ողջ աշխարհում։ Դրան նպաստեցին նաև 1956-58 թվականներին Տոկիոյում անցկացված աշխարհի առաջին երեք առաջնությունները։ Մրցումներն անցկացվեցին մեկ քաշային կարգում։ Իրենք՝ ճապոնացի մասնագետները, կարծում էին, որ գլխավորը ոչ թե ֆիզիկական ուժն է, այլ բարձր վարպետությունն ու հղկված տեխնիկան, սակայն այն բանից հետո, երբ այլ երկրների ներկայացուցիչներն էլ սկսեցին եղանակ ստեղծել աշխարհի առաջնություններում և միջազգային խոշոր մրցաշարերում, 1965 թվականից մտցվեցին քաշային կարգեր, որոնք այսօր յոթն են։
Ձյուդոն Հայաստանում սկսեց զարգանալ 1972 թվականից։ Հիմնադիրներն են համարվում Թելման Քոչարյանը և Ռոբերտ Գալստյանը, իսկ առաջին հաջողությունները գրանցվեցին 1975-79 թթ.։ Խորհրդային Միության ժողովուրդների 6-7-րդ սպարտակիադաներում, 1976-79 թթ. երկրի առաջնություններում բազմիցս տարբեր հարգի մեդալներ է նվաճել Հայաստանի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Գագիկ Աղամալյանը։ Այդ նույն թվականներին միջազգային ասպարեզում մեծ հեղինակություն և սեր էր վայելում ֆրանսիացի Բեռնար Չուլոյանը՝ 1981 թ. աշխարհի, 1980-81 թթ. Եվրոպայի չեմպիոնն ու մոսկովյան օլիմպիադայի բրոնզե մեդալակիրը։ Չուլոյանին առաջին անգամ լրատվամիջոցները հատկապես հանգամանորեն անդրադարձան 1989 թվականին, երբ 88-ի դեկտեմբերյան երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով Փարիզում Շառլ Ազնավուրի կազմակերպած աճուրդին նվիրաբերեց իր մեդալները։ Այն ժամանակ մարզական փառքի այդ մասունքները գնեց մեծանուն երգահանն ու երգիչը և վերադարձնելով տիրոջը, ասաց. «Այս մեդալները միայն քոնը չեն։ Դրանք հայ ժողովրդինն են, ուրեմն պետք է գտնվեն իրենց իսկական տիրոջ մոտ»։
Ինչ-որ առումով Չուլոյանի հաղթարշավի իսկական շարունակողը դարձավ «Հայաստան» մարզական միության սան, հրազդանցի Արմեն Նազարյանը։ Երիտասարդ մարզիկի հաղթարշավն սկսվեց Երևանում անցկացված մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունից, որտեղ, բացահայտ առավելությամբ պարտության մատնելով մրցակիցներին, նվաճեց 60 կգ քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը։ Ապա այդ նույն՝ 2003, այնուհետև 2004 թվականներին մեծահասակների Եվրոպայի առաջնությունում ճանաչվեց երրորդը, իսկ 2005 թ. վաստակավոր մարզիչ Կարեն Ադամյանի սանը Ռոտերդամում անցկացված եվրոպական ստուգատեսում տոնեց հինգ հաղթանակ, այդ թվում՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ավստրիացի Լյուդվիգ Պայշեդի նկատմամբ, և տուն վերադարձավ Հին աշխարհամասի չեմպիոնի տիտղոսով։ Անցած վեց տարում Արմեն Նազարյանը մարզական քիչ հաջողությունների չի հասել։ Աթենքի օլիմպիական խաղերի մասնակիցը 2006 թ. Եվրոպայի առաջնությունում արժանացավ արծաթե պարգևի, նրա մեդալների հավաքածուում քիչ չեն նաև աշխարհի գավաթի և աշխարհի վերնագավաթի խաղարկությունների ոսկե, արծաթե և բրոնզե պարգևները։
Սև գոտի 5-րդ դան բարձր որակավորում ունեցող ձյուդոիստի համար հատկապես լուրջ փորձությունների տարի եղավ 2007-ը։ Հանդես գալով իր համար նոր՝ 66 կգ քաշային կարգում, Արմենը նախ ինչ-որ չափով զիջեց իր դիրքերը, ապա աստիճանաբար վերագտավ իրեն և ամրապնդվեց նոր քաշային կարգում՝ նվաճելով Մոսկվայում անցկացված աշխարհի վերնագավաթի խաղարկության հաղթողի կոչումը, իսկ Բրազիլիայի մայրաքաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում, որտեղ յուրաքանչյուր քաշային կարգում առաջին հինգ տեղեր գրավող մարզիկներին տրվում էին օլիմպիական ուղեգրեր, ճանաչվեց 5-րդը և իրավունք նվաճեց մասնակցելու իր երկրորդ օլիմպիադային։
Մեր երկրորդ օլիմպիականը 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանն է։ Գյումրեցի մարզիկը չորրորդ տարին է, ինչ իրեն ամբողջովին նվիրել է այս մարզաձևին։ Մինչ այդ նա հաջող է հանդես եկել սամբո ըմբշամարտում։ Մարզիչ Կարեն Սիմոնյանի սանը նվաճել է ըմբշամարտի այս ձևի երիտասարդների Եվրոպայի չեմպիոնի, մեծահասակների աշխարհի առաջնության փոխչեմպիոնի տիտղոսը, դարձել միջազգային մի շարք մրցաշարերի հաղթող։ 25-ամյա մարզիկը ձյուդոյում առաջին անգամ իր մասին խոսել տվեց 2007-ի հունվարին, Թբիլիսիում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ՝ նվաճելով երրորդ մրցանակը, իսկ Համբուրգում անցկացված աշխարհի վերնագավաթի խաղարկությունում, տոնելով հինգ հաղթանակ, կանգնեց պատվանդանի ամենավերին աստիճանին։ Եթե Ռոտերդամի հաղթանակին մասնագետները, այնուամենայնիվ, զգուշորեն մոտեցան, չբացառելով երջանիկ պատահականության վարկածը, ապա երեք շաբաթ անց՝ ապրիլի 7-10-ը Բելգրադում անցկացված Եվրոպայի առաջնությունում Հովհաննես Դավթյանը 60 կգ քաշային կարգում հասավ մինչև եզրափակիչ և միայն այստեղ հաղթանակը զիջելով ռուսաստանցի մրցակցին՝ տուն վերադարձավ փոխչեմպիոնի տիտղոսով, ապա երկրորդը ճանաչվեց այս տարվա Մոսկվայի վերնագավաթի խաղարկությունում։ Ահա այս՝ երկու տարում վաստակած միավորների շնորհիվ էլ իրավունք նվաճեց մեկնելու Պեկին։
Խոսելով Հովհաննես Դավթյանի մարզական արժանիքների մասին՝ Հայաստանի հավաքականի մարզիչ Արթուր Գևորգյանը մի առիթով ասաց. «Դավթյանն օժտված է կամային բարձր հատկանիշներով, գյումրեցուն բնորոշ պատվախնդրությամբ և վճռականությամբ։ Պայքարում է մինչև գոտեմարտի վերջին վայրկյանը և մի քանի մրցումներում հենց վերջին ակնթարթին էլ կատարել է հաղթական հնարքը»...
Դե ինչ, թե Արմեն Նազարյանին և թե Հովհաննես Դավթյանին ցանկանում ենք, որ Պեկինում էլ լցվեն հաղթանակի վճռականությամբ։ Օլիմպիական հաղթանակը մարզիկին տրվում է մեկ անգամ և այն էլ՝ ողջ կյանքի համար...
Հովհաննես ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6181

Մեկնաբանություններ